Բեդրոս Կիրկորովի հիշատակին. Ձայն, որը միավորել է սերունդներին և երկրներին

18 Մարտի 2025, 23:54

Հայեր

Բեդրոս Կիրկորովը խորհրդային, ռուս և բուլղարահայ երգիչ է։

Բեդրոս Կիրկորովը (իսկական անունը՝ Բեդրոս Փիլիբոս Կրիկորյան) ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ կոշկակարի ընտանիքում։ Մանուկ հասակում այցելել է Բուլղարիայի «Երևան» հայկական ակումբի գեղարվեստական խմբակ: Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է կոշկակար-մոդելավորողի մասնագիտությամբ՝ միաժամանակ զբաղվելով վոկալով։

18 տարեկանում, առանց երաժշտական կրթության, ընդունվել է Վառնայի պետական օպերա, բայց շուտով զորակոչվել է բանակ։ Զորացրվելուց հետո վերադարձել է օպերա, ելույթներ է ունեցել խորհրդային արտիստների հետ։ Նրա տաղանդը նկատել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։ Կոմպոզիտորը նրան խորհուրդ է տվել սովորել ԽՍՀՄ-ում։ 1962 թվականին Կիրկորովն ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։

Աշխատելով «Մոսկոնցերտում»՝ երգել է ԽՍՀՄ առաջատար նվագախմբերի հետ և մասնակցել միջազգային ծրագրերի, այդ թվում՝ «Мелодию друзей» նախագծին։ Նրա «Մոսկվա-Սոֆյա, Սոֆյա-Մոսկվա» ծրագիրը դարձել է երգչի այցեքարտերից մեկը, իսկ «Ալյոշա» երգի կատարումը նրան մեծ ժողովրդականություն է բերել:

Կիրկորովը Մոսկվայի ֆիլհարմոնիայի և Նովգորոդի տարածաշրջանային ֆիլհարմոնիայի մենակատարն էր: Նրա երգացանկում կա ավելի քան 50 երգ՝ ժողովրդական և հայրենասիրական թեմաներով։ Նա համագործակցել է հայտնի արտիստների հետ և բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ է եղել։

2011թ-ին կազմակերպել է բարեգործական «Սրտից դեպի սիրտ» համերգային ծրագիրը։ 2007 թվականի օգոստոսի 4-ին Բեդրոս Կիրկորովի նախաձեռնությամբ և միջոցներով Խոլմ քաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված բուլղարացի հերոս Պավել Կալիտինին, ինչպես նաև Բուլղարիայում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված գեներալ Ֆյոդոր Ուշակովին։

Բեդրոս Կիրկորովը մեկ անգամ չէ, որ դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր, 1992 թվականին դարձել է օտարերկրյա քաղաքացիների շրջանում Ռուսաստանի առաջին վաստակավոր արտիստը, իսկ 2012 թվականին՝ ՌԴ ժողովրդական արտիստ։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Այսօր՝ մարտի 18-ին կյանքից հեռացել է Բեդրոս Կիրկորովը։ Նա հունիսին կդառնար 93 տարեկան։