Բելառուսի հայ համայնքը կմասնակցի «Բարեկամության ծաղկեպսակ 2024» փառատոնին
24 Հունիսի 2024, 10:50
Բելառուսի Բոբրույսկ քաղաքում հունիսի 27-30-ը կկազմակերպվի այս տարվա ամենավառ մշակութային իրադարձությունը՝ «Բարեկամության ծաղկեպսակ 2024» փառատոնը: Այս մասին հայտնում է «Հայաստան․ Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ հայ համայնքը ևս կմասնակցի առաջիկա փառատոնին: «Բարեկամության ծաղկեպսակը» պարզապես փառատոն չէ, այն միասնության, բարեկամության և մշակութային բազմազանության տոն է, նշում են կազմակերպիչները:
Այցելուներին սպասում են տարբեր երկրների խմբերի երաժշտական կատարումներ, ազգային խոհանոցներ ամբողջ աշխարհից, ավանդական պարեր և թատերական ներկայացումներ, ինչպես նաև արհեստների և արվեստի ցուցահանդեսներ: Նրանք նաև հնարավորություն կունենան ոգեշնչվել մշակույթների բազմազանությամբ, գտնել նոր ընկերներ և ստանալ բազմաթիվ անմոռանալի փորձառություններ: