Բելգիահայ Կարինե Մելիքսեթյանն արժանացել է ֆլամանական N-VA կուսակցության պատվավոր պարգևին

15 Սեպտեմբերի 2023, 10:21

Հայեր

Բելգիայի ֆլամանական N-VA կուսակցությունն իր ամենամյա՝ արդեն տասնմեկերորդ պատվավոր պարգևն է հանձնել ֆլամանական Գենտ քաղաքի բնակիչ հայուհի Կարինե Մելիքսեթյանին՝ հասարակական կյանքում ունեցած ներդրման համար։

Կարինե Մելիքսեթյանը Բելգիայում է բնակվում 1996 թվականից։ Տարիների ընթացքում կատարելագործելով ֆլամեներենի իմացությունը՝ Կարինեն դարձել է թարգմանչուհի, աշխատել երկրի պետական կառույցների, հատկապես՝ միգրացիոն բաժնի հետ։ Ժամանակի ընթացքում վիճակագրության արդյունքներն ուսումնասիրել ու հասկացել է՝ որպեսզի ներգաղթյալ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը, նրանց ֆլամեներենի ավելի խորացված՝ արտադասարանային ուսուցում է անհրաժեշտ։

Armenpress-ի փոխանցմամբ՝ 2001-2002 թվականներին դիմել է տեղական կառավարման մարմիններին, սակայն սոցիալիստները մերժել են նախագիծը։ Նա սկսել է 4 հայ աշակերտների տանը դասավանդել։ Մի քանի ամիս անց այդ թիվը հասել է 16-ի։ 2003 թվականին Կարինեն հիմնադրել է «Մարիամ» կազմակերպությունը, որի նպատակն էր դժվարություններ ունեցող ներգաղթյալ երեխաներին ֆլամեներեն դասավանդելը։

N-VA Ebbenhouten Spoor 1.jpg (5.22 MB)

Քսան տարում Կարինե Մելիքսեթյանի հիմնած կազմակերպությունը յոթ հարյուր մանկավարժների հետ է աշխատել՝ ֆլամեներենի ուսուցման միջոցով 1550 երեխայի օգնելով ինտեգրվել հասարակությանը։

Տարիների նվիրված աշխատանքի համար Կարինեն մրցանակի է արժանացել N-VA կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերի, Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսի, ազգային կուսակցության քարտուղար Լուի Իդեի և Գենտի պատգամավոր Անելին վան Բոսյուտի կողմից։

Կարինե Մելիքսեթյանը նախագծեր ու նպատակներ շատ ունի եւ դրանք իրագործելու ճանապարհներն է փնտրում։ Իսկ մինչ այդ, «Մարիամ» կազմակերպությունը ղեկավարելուն զուգահեռ մեկ այլ նվիրական գործով է զբաղվում՝ Բելգիայի գիտական տարբեր կենտրոններում հայի ու Հայաստանի մասին դասախոսություններ է կարդում։