Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում
13 Մայիսի 2023, 12:20
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լահբիբը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։
«Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով , որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։