Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է անցկացրել Բրյուսելում
21 Սեպտեմբերի 2023, 19:00
Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Արցախի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Արցախում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայով։
Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», — ասել է Ռոբերտ Ունուսյանը։
Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Արցախում հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Ժորժ Դալլեմանը 2020 թվականին պատերազմի օրերին եղել է Արցախում, սեփական աչքերով տեսել արցախահայության տառապանքները։