Բենիամին Մարգարյան․ 1500-ից ավելի գալակտիկաներ հայտնաբերած անվանի աստղագետը
29 Նոյեմբերի 2024, 23:58
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 29-ը հայ ականավոր գիտնական Բենիամին Մարգարյանի ծննդյան օրն է, ով նշանակալի հետք է թողել համաշխարհային աստղագիտության զարգացման պատմության մեջ։ Նա Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակն է և իր անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը։
Բենիամին Մարգարյանը ծնվել է 1913 թվականին Վրաստանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, իսկ 1941թ-ին՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան: Արդեն 1942 թվականից Մարգարյանն աշխատել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում, որտեղ հայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հետ ուսումնասիրել է աստղային համակարգերի և գալակտիկաների կառուցվածքը։ Անկայուն աստղային համակարգերի ուսումնասիրության համար գիտնականներն արժանացել են առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի։
1965 թվականին Բենիամին Մարգարյանը կարևոր հայտնագործություն է կատարել՝ բացահայտելով պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Ընդհանուր առմամբ հայտնաբերել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա, որոնք ներկայումս կոչվում են «Մարգարյանի գալակտիկաներ» և ուսումնասիրվում են աշխարհի բազմաթիվ աստղադիտարաններում։
Գիտնականի կողմից Կույսի համաստեղությունում բացահայտված յոթ գալակտիկաների ընդհանուր շարժումը ևս կոչվել է ի պատիվ նրա՝ «Մարգարյանի շղթա»։
Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»:
2013 թվականին ՀՀ կենտրոնական բանկը գիտնականի 100-ամյակին նվիրված թողարկել է արծաթե հուշադրամ` 1000 դրամ անվանական արժեքով, իսկ «Հայփոստ»-ը շրջանառության մեջ է դրել նամականիշ:
Բենիամին Մարգարյանը կյանքից հեռացել է 1985 թվականի սեպտեմբերի 29-ին: