Բեռլինի «Գիտելիք» դպրոցում նշվել է Թումանյանի ծննդյան օրը՝ գրքի շնորհանդեսով

26 Փետրվարի 2025, 09:20

Մշակույթ

Բեռլինի «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցում տեղի է ունեցել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում դպրոցի պարուսույց Սուսաննա Վարոսյանը ներկայացրել է իր առաջին գիրքը։ Այս մասին գրում է ՕՐԵՐ-ը:

«Երկնքում շողացող աստղը» խորագիրը կրող մենագրությունը նվիրված է արցախյան երկրորդ պատերազմում զոհված վեց հերոս հայորդիներին՝ Համլետ Բադալյանին, Սեյրան Սիմոնյանին, Սարո Թունյանին, Կարեն Սահակյանին, Սերյոժա Աբրահամյանին և Արամ Բաբայանին։ Տղաներից երկուսը ծնվել են Արցախում, չորսը՝ Հայաստանում։

Գրքի վաճառքից ստացված հասույթով դպրոցի համար ձեռք կբերվեն նոր զգեստներ՝ «Արցախ» պարը բեմում նորովի ապրեցնելու համար։

Դպրոցի ուսուցիչներից Էրիկ Բարսեղյանն իր ելույթում հանդիսատեսին ներկայացրել է հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից: Բանախոսները հայերեն և գերմաներեն ընթերցել են «Մի կաթիլ մեղրը» և «Հոգեհանգիստ» ստեղծագործությունները։

Աշակերտներն էլ իրենց հերթին Թումանյանի գրքերից էին բերել ցուցադրելու հանդիսատեսին։ Իսկ միջոցառման ավարտին ներկաները շտապել են ձեռք բերել Սուսաննա Վարոսյանի մենագրությունը՝ ծանոթանալու հերոս հայորդիների սխրանքներին։

Հիմա եթերում