Բեռլինյան կրակոցը, որը փոխեց պատմությունը․ Սողոմոն Թեհլերյան

02 Ապրիլի 2026, 22:00

Հայեր

Սողոմոն Թեհլերյանը վրեժի և արդարության խորհրդանիշ է, մի մարդ, որի ճակատագիրը դարձել է հայ ժողովրդի ողբերգության և պայքարի արտացոլումը։ Նրա անունը հավերժ կապված է Հայոց ցեղասպանության հատուցման գործողության հետ, երբ նա Բեռլինում գնդակահարեց դրա գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թվականի ապրիլի 2-ին Օսմանյան կայսրության Էրզրումի նահանգի Բագառիճ գյուղում։ Նրա մանկությունն անցել է անհանգստության ու վախի մթնոլորտում․ հայ բնակչության դեմ ուժգնացող բռնաճնշումները, ջարդերն ու կոտորածները խոր հետք են թողել նրա հոգում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ականատես է եղել երիտթուրքերի իրականացրած սարսափելի հանցագործություններին, իսկ նրա ընտանիքը զոհվել է տեղահանությունների և կոտորածների ժամանակ։ Անձնական ողբերգությունը նրան վերածել է մարդու, որի համար հիշողությունն ու արդարությունը դարձել են կյանքի գլխավոր իմաստը։

Պատերազմից հետո Թեհլերյանը հայտնվել է Եվրոպայում, որտեղ միացել է հայկական ազգային-ազատագրական կազմակերպություններին։ 1921 թվականին նա դարձել է «Նեմեսիս» գործողության մասնակից՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ ուղղված գաղտնի հատուցման ծրագրի շրջանակում։ Նույն թվականի մարտի 15-ին Բեռլինում նա գնդակահարել է Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշային՝ հայերի բնաջնջման գլխավոր գաղափարախոսներից մեկին։Գերմանական ոստիկանության կողմից ձերբակալվելով՝ Թեհլիրյանը կանգնել է դատարանի առաջ, սակայն արդարացվել է․ երդվյալները եզրակացրել են, որ նա գործել է իր ապրած ողբերգության և ընտանիքի կորստի ծանր ազդեցության ներքո։ Այս դատավարությունը դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խորհրդանշական դրվագ։

Դատավարությունից հետո նա ապրել է Եվրոպայի տարբեր երկրներում, ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նրա կյանքը եղել է համեստ և հեռու լայն հանրային ուշադրությունից, սակայն Թեհլերյանի անունը դարձել է լեգենդ։ Նա մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում։

Սողոմոն Թեհլերյանը պատմության մեջ մտել է ոչ միայն որպես վրիժառու, այլ որպես դիմադրության և հիշողության խորհրդանիշ։ Նրա կենսագրությունը մի ժողովրդի պատմություն է, որը վերապրել է ողբերգություն, բայց չի հաշտվել դրա հետ։ Հայաստանում և սփյուռքում նրա անունը հնչում է մեծ հարգանքով, իսկ նրա հուշարձանները կանգնեցված են Երևանում և Մարսելում՝ դառնալով ազգային ինքնության մաս։

Թեհլերյանի կյանքը վկայում է, որ անհատի ճակատագիրը կարող է դառնալ ողջ ժողովրդի ձայնը։ Նրա քայլը ոչ միայն վրեժի գործողությունն էր, այլև հիշեցում աշխարհին՝ անցյալի ողբերգությունները հիշելու և ճանաչելու անհրաժեշտության մասին։