Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

27 Մայիսի 2025, 11:43

Տնտեսություն և Բիզնես

Այս րոպեներին բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են բեռնափոխադրող նոր միջնորդ ընկերությունների դեմ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է. «Միջնորդ կազմակերպությունների կողմից թե Վրաստանում, թե Հայաստանում մեր բեռնափոխադրումն անտեսվում է, նախընտրում են, որ այլազգիների բեռնատարները բարձեն, քան մերը։ Մեր նպատակն այն է, որ մեզ գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն, ոչ թե մենակ նստեն իրենց աթոռին, մտածեն իրենց գրպանի մասին։ Մեզ պետք է, որ մեր հայերն անտեսված չլինեն»։

Ակցիայի մասնակիցներն ավելի վաղ հանդիպել են ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի հետ, որը վստահցրել է, թե լուծում կտան, բայց արդեն մեկ տարի է՝ խնդիրը լուծում չի ստացել։