Բեռնում աշխատանքն է սկսել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող միջկուսակցական հանձնաժողովը

26 Մայիսի 2025, 21:14

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքն է սկսել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից բաղկացած միջկուսակցական հանձնաժողովը։

«2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքները մեկնարկեց «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար ևԼեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվանվերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Հիմա եթերում