Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը. Փաշինյանը ներկա չէ

13 Հոկտեմբերի 2023, 11:55

Քաղաքականություն

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ առաջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթերի փաթեթ։ Մինչ մեկնարկը տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը Ղրղզստանի նախագահի կողմից: Բոլոր միջոցառումները կավարտվեն պաշտոնական ընդունելությամբ։

Ինչպես և սպասվում է, հանդիպմանը, բացի Ժապարովից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «որոշակի հանգամանքների բերումով» չի կարողանա ներկա գտնվել։ Կրեմլը, սակայն, ակնկալում է, որ նա կմիանա տեսակապով։