Բժշկից՝ կինոյի ու բիզնեսի գուրու․ Ռաֆայել Մինասբեկյան
02 Փետրվարի 2024, 23:06
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյանը ծնվել է 1968 թվականի փետրվարի 2-ին Երևանում՝ քաղաքական գործիչ, Հայաստանի ավիացիոն արդյունաբերության հիմնադիր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Միխայիլ Մինասբեկյանի ընտանիքում։
Ռաֆայելն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտն, այնուհետև անցել ծառայության և մինչև 1989 թվականը հաշվառված է եղել Խորհրդային սահմանապահ զորքերում: Ավելի ուշ վերադարձել է և 1995թ. գերազանցությամբ ավարտել կլինիկական օրդինատուրան՝ «հոգեբուժություն» մասնագիտությամբ:
Զուգահեռաբար խաղացել է ՈՒՀԱ-ում և դարձել Երևանի բժշկական ինստիտուտի «Հայկական ռադիոյի տղամարդիկ» թիմի ավագը։ Մինասբեկյանը նաև հայկական ՈւՀԱ լիգայի գլխավոր ռեժիսորն էր։
2002 թվականին Մինասբեկյանը միացել է ռուսական խոշորագույն «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության կառավարման թիմին, իսկ մեկ տարի անց զբաղեցրել գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
2008 թվականից «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ է և բաժնետերերի խորհրդի անդամ։ Որպես հաջողակ տնօրեն՝ Ռաֆայելը շարունակել է կրթությունը և 2006 թվականին ստացել է «կազմակերպությունների կառավարման և ճգնաժամային կառավարման» մասնագետի դիպլոմ, ավարտել է Մոսկվայի աշխատաշուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան, պաշտպանել է ատենախոսություն։
Դեռևս «Ռոսգոսստրախ»-ում աշխատելու ընթացքում՝ Ռաֆայելը սկսել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-կինո» նախագիծը՝ մի շարք հայտնի ֆիլմեր ստեղծելով։
Մինասբեկյանն ավելի քան 200 հեռուստածրագրերի, գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի հեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ է, ղեկավարել է «Կինոն և հեռուստատեսությունը մարքեթինգային արշավներում» բիզնես ուղղությունը։