ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններին

21 Հունիսի 2024, 09:57

Քաղաքականություն

ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններին։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Գնահատելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները՝ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ վճռականությունը՝ շարունակելու աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կողմերին հրավիրել է մոտ ապագայում ստորագրել խաղաղության պայմանագիր։

Նա նշել է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական համագործակցությունը կլիմայի փոփոխության և էներգետիկ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

«Միացյալ Նահանգները նոր և ավելի ամուր երկկողմ կապեր է պահպանում Բաքվի հետ և բոլոր ջանքերը կգործադրի Ադրբեջանում COP29-ը հաջողությամբ անցկացնելու համար», — հավելել է Բլինքենը: