Բլինքենի և նրա՝ ադրբեջանցի ու հայ գործընկերների միջև ինտենսիվ հեռախոսազրույցներ ենք նկատում. Արեշեւ

14 Հուլիսի 2023, 23:01

Բոլոր

«Ակնհայտ է, որ այժմ Արցախում տարածաշրջանի ապագայի, նրա բնակիչների ապագայի վերաբերյալ, չվախենամ բառից` ապագայում սպասվելիք ճակատագրական իրադարձությունների հետ կապված, ինտենսիվ քննարկումներ են ընթանում։

Այդ քննարկումները վերաճում են տարբեր հանրահավաքների, ձևավորվում են տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, ճակատներ և կառույցներ՝ արդյունավետության տարբեր աստիճանով։ Հնչում են տրամագծորեն հակադիր տեսակետները»,- Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ պատասխանելով Արցախում հնարավոր զարգացման սցենարների մասին հարցին։

«Ինչ վերաբերում է խաղաղապահներին և արտաքին տարբեր ուժերին` Ռուսաստանին և Արևմուտքին ուղղված կոչերին, առաջին հերթին կցանկանայի տեսնել Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության պատշաճ մակարդակը:

Ուզում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի առաջ եկավ իշխանության, նա խոստացավ իր համախոհներին հաշվետու լինել, թե ինչ է անելու ԼՂ կարգավորման հարցում։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ կուլիսային գործընթացներ են ընթանում՝ Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությամբ, տեսնում ենք, թե ինչ ինտենսիվ հեռախոսազրույցներ են ընթանում` մի կողմից պարոն Բլինքենի, մյուս կողմից նրա ադրբեջանցի և հայ գործընկերների միջև։ Վաղն արդեն նախատեսված է Ալիև-Փաշինյան հանդիպում, որի արդյունքներով կարող են որոշակի որոշումներ կայացվել։

Այս առումով Արցախում դիտարկվում են տարբեր մոդելներ և վարքագծի տարբեր ռազմավարություններ՝ սկսած զինված պայքարից, մինչև բնակչության մի մասի արտագաղթ կամ Բաքվի առաջարկած պայմանների ընդունում։ Հիմա, ճիշտն ասած, ես պատկերացում չունեմ, թե ինչպես է հանգուցալուծվելու իրավիճակը և ինչի են հանգելու հասարակությունն ու քաղաքականապես ակտիվ ուժերը:

Ինձ թվում է՝ նման ըմբռնում չկա ո՛չ բուն Արցախում, ո՛չ Հայաստանում։ Մենք հետևելու ենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետը։