Բլոգեր «Գեորգիքսը» և լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
01 Նոյեմբերի 2026, 18:30
Բլոգեր «Գեորգիքսը» և լրագրող ներկայացած անձը կասկածվում են Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ։ Նրանք գումար են պահանջել, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսը» մասամբ կատարել է։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ հոկտեմբերի 20-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացնել։
Քրեական ոստիկանները պարզել են, որ ընթացիկ տարվա փետրվարին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել որպես լրագրող։ Նա առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը։
Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, ով հանրությանը հայտնի է որպես բլոգեր «Գեորգիքս»։ Նա ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է։ Այդ մերժումից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը կրկին մերժվել է։ Դրանից հետո վերջինս սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։