«Բնակչության բարեկեցությունը կախված է իրական աշխատավարձի մեծությունից, ոչ թե անվանական աշխատավարձից»

02 Հունիսի 2023, 17:30

Կարծիք

Պաշտոնական տվյալով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունվարից ապրիլ կազմել է 12, 2%, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալով՝ Հայաստանում 2023թ. առաջին եռամսյակում միջին աշխատավարձը կազմել է 666 դոլար (շուրջ 257 000 դրամ):

Alpha News-ը զրուցել է վիճակագիր Աստղիկ Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու՝ ինչի՞ հաշվին է տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել, արդյոք դա բավարար աճ է, որ քաղաքացիներն ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով, եւ արդյոք 666 դոլար միջին աշխատավարձն արտացոլում է իրական պատկերը:

Վիճակագիրը նշել է, որ տնտեսության ակտիվության ցուցանիշի աճը պայմանավորված է Հայաստանի բնակչության ավելացմամբ:

«Տնտեսության ակտիվության ցուցանիշը երկրի տնտեսությունում ապրանքների եւ ծառայությունների թողարկման ծավալի փոփոխությունն է: Այսինքն, մեր երկրում ավելի շատ ապրանքներ են արտադրվել եւ ավելի շատ ծառայություններ մատուցվել:

Ապրանքների թողարկումն ավելացել է, քանի որ ավելացել են այդ ապրանքները սպառողները: Իսկ երկրի բնակչության բարեկեցության մակարդակը ես կկապեի իրական աշխատավարձի մեծության հետ:

Կարծում եմ՝ 666 դոլարը անվանական աշխատավարձն է, ոչ թե իրականը:
Անվանական աշխատավարձն իր մեջ ներառում է աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ընդ որում՝ առանց հարկերը նվազեցնելու:

Իսկ իրական աշխատավարձն անվանական աշխատավարձի գնողունակությունն է, այսինքն՝ որքան ծառայություններ եւ ապրանքներ կարելի է ձեռք բերել տվյալ աշխատավարձի մեծությամբ՝ հաշվի առնելով գների փոփոխությունը»,- ասել է Աստղիկ Հովհաննիսյանը: