Սա Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու փորձ է. Բոգդան Բեզպալկոն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին

04 Սեպտեմբերի 2024, 22:53

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Մոսկվան հույս ունի, որ կվերականգնվի ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք մասնակցությունը:

Փորձագետի կարծիքով՝ կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և քաղում այդ քայլի բոլոր տնտեսական հետևանքները, կա՛մ դառնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և սրբագրում է իր քաղաքականությունը:

«Ակնհայտ է, որ սա Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու և ինչ-որ որոշումներ ստանալու փորձ է, այլ ոչ թե կիսատ-պռատ մի վիճակ, որի շրջանակում Հայաստանը մի կողմից ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ չէ, մյուս կողմից էլ ձևականորեն պահպանում է իր անդամակցությունը։

Կամ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և քաղում այդ քայլի բոլոր տնտեսական հետևանքները, կամ, համապատասխանաբար, դառնում է ՀԱՊԿ լիարժեք անդամ և ռազմական գնումների, աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում իր քաղաքականությունը սրբագրում է Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս անդամների հետ: Այստեղ այլ տարբերակ չկա»,- ասել է Բեզպալկոն:

Նրա խոսքով՝ բավական տարօրինակ կլիներ, եթե, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր հիմա սկսեր ռուսական տեխնիկա գնել։

«Ի դեպ, նման նախադեպ կա: Դա Թուրքիան է, որը գնել է S-400 հակաօդային համակարգերը, բայց միևնույն ժամանակ այն հակասության մեջ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և առաջացրեց քննադատության ալիք, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնք, ի դեպ, շատ զգայուն են թուրքական տնտեսության, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի համար, որոնք զրկվել են F-35 կործանիչներ գնելու հնարավորությունից։

Ուստի Հայաստանը, որպես ներկայիս թուրքական հանրապետությունից շատ ավելի նվազ հզոր, մասշտաբներով շատ ավելի փոքր պետություն, պետք է ինչ-որ կերպ որոշի իր արտաքին քաղաքականությունը։ Կա՛մ նա աջակցում է Ռուսաստանին, կա՛մ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, և՛ հարմարեցնում է իր քաղաքականությունը Մոսկվայի հետ։ Կամ գնում է ազատ նավարկության, բայց քաղում է այդ ինքնուրույնության և ինքնիշխանության բոլոր պտուղները տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական առումներով», — եզրափակել է Բեզպալկոն: