Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց․ ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

17 Օգոստոսի 2023, 00:08

Քաղաքականություն

Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրով գումարված ՄԱԿ ԱԽ նիստին այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ կոչն ուղղելով Հայաստանին ու Ադրբեջանին։

«Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, որը վտանգում է կյանք փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը, որը մարդասիրական հետևանքներ է առաջացնում տեղի բնակչության համար։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով երկու ուղղություննեով անխոչընդոտ տեղաշարժը։ Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները։ Միայն ՄԱԿ-ի կանոնադրության ոգով է հնարավոր կողմերին ավելի մոտ բերել խաղաղությանը»,- եզրափակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:

Հիմա եթերում