Բոլոր քննարկումներում միակարծիք են եղել, որ վարչապետի մեր թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գուրգեն Մելիքյան
26 Մայիսի 2024, 17:55
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի այլընտրանքային թեկնածուն ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:
«Այսօր մեզ պետք է այս իշխանությունների ուղիղ հակառակ արժեքներով մարդը, մարդ ով գիտի, թե ինչ է հայրենիքը, մարդկային կյանքը, ժողովրդին, երկրին ծառայելը, գիտի, թե ինչ է պատասխանատվությունը, ինչ է խաղաղությունը, ինչ է ներքին հաշտությունը: Մարդ, որը կարող է մեզ հույս բերել: Մեզ անհրաժեշտ է փակել պատերազմի դուռը և կայունացնել հայոց երկիրը, մեզ անհրաժեշտ են գրագետ մարդիկ, անհրաժեշտ է թիմ, որը հաշտության մթնոլորտում կկարողանա երկիրը հանել այս մղձավանջից, որը կկարողանա արդար կառավարում իրականացնել, որը կկարողանա վերացնել ներքին թշնամանքն ու ատելությունը, որը կկարողանա ամրացնել մեր երկրի սահմանները:
Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների փուլում, հանդիպել ենք տարբեր մասնագետների ու շրջանակների հետ, բոլոր հանդիպումների ու քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը իհարկե Բագրատ Սրբազանն է»,- ասաց Գուրգեն Մելիքյանը, որի ելույթն ընդհատվեց «Սրբազան» վանկարկումներով: