Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք, ժողովո՛ւրդ. Արայիկ Հարությունյան
03 Հուլիսի 2023, 17:54
«Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք, ժողովո՛ւրդ»,- այսօր Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջափակմամբ պայմանավորված Արցախի սոցիալական և անվտանգային խնդիրներին:
Պատգամավորներից մեկն առաջարկել է Հարությունյանին լրտեսների դեմ մահապատժի մասին օրենք ընդունել, ինչին Արայիկ Հարությունյանը դեմ է արտահայտվել: Նա ընդգծել է, որ Արցախում բանտերի հնարավորությունները սահմանափակ են, և այլ մեխանիզմներ են պետք մտածել: Արցախի նախագահը թշնամուն ինֆորմացիա տրամադրելու դեպքերը անվանել է դավաճանական, իսկ այդ քայլին գնացող մարդկանց՝ մոլորյալներ:
Հարությունյանն ընդգծել է, որ թշնամին այսօր փորձում է հասկանալ Արցախի ներքաղաքական խնդիրները և պառակտում մտցնել:
«Այդ խնդիրների արդյունքում մենք կրելու ենք զրկանքներ և ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք»,-ընդգծել է Հարությունյանը:
Նա խոսել է նաև պարենային խնդիրներից՝ նշելով, թե շատերի համար «Կոկա-Կոլան» ու գարեջուրն ավելի կարևոր են, քան մնացած խնդիրները:
«Մենք պետք է հասկանանք և գանհատենք պահի լրջությունը»: ԱՀ նախագահը նշել է, որ պետությունը բավարար աշխատանք է կատարել, որպեսզի երկիրը սովի չմատնվի: Հարությունյանի խոսքով՝ պետությունը ունի որոշ ապրանքատեսակների ահռելի պաշար, ինչը թույլ է տալու պատրաստվել երկարաժամկետ պայքարի: Չնայած դրան, ԱՀ նախագահն ասել է, թե չգիտի՝ ինչպես են դիմավորելու ձմեռը:
«Հեղուկ գազ կարողանալո՞ւ ենք բերել, թե՞՝ չէ, հոսանքի հետ կապված ինչպիսի՞ հնարավորություններ են առաջանալու»:
Նրա խոսքով՝ Արցախը կորցրել է պարենամթերքի արտադրության ծավալների 50 տոկոսից ավելին, հազարավոր հեկտարներ տուժել են եղանակից: Հարությունյանը անկեղծացել է՝ Ադրբեջանը պատրաստ կլինի Արցախը չզրկել բնական գազից ու էլեկտրաէներգիայից, եթե ժողովուրդը պատրաստ լինի, ըստ էության, դառնալ այդ երկրի քաղաքացի:
«Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեմա, երկրորդ թեմա չի քննարկում»,- փաստել է Հարությունյանը:
ԱՀ նախագահն ընդգծել է, որ երկու տարի շարունակ փորձել է բանակցել թշնամու հետ, սակայն, վերջին շրջանում ինքը չի բանակցել.
«Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս, ասում է՝ էս է մեր օրակարգը»:
ԱՀ նախագահի խոսքով՝ թշնամին առաջ է տանում այդ նույն օրակարգը նաև Բլինկեն-Միրզոյան հանդիպմանը:
«Ադրբեջանը մեզ ասում ՝ բանակցելու համար Պաշտպանության բանակը լուծարեք»,-շեշտել է Հարությունյանը և հավելել, որ հետո, ըստ թշնամու, պետք է ստեղծվի համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազն ու էլեկտրաէներգիան կմիացնեն: