Բոլոր տեսակի հարցերը մինչ ՌԴ-ին ուղղելը պետք է ուղղել Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանություններին․ Կարեն Բեքարյան

22 Դեկտեմբերի 2023, 21:23

Քաղաքականություն

2020 թ-ի պատերազմից հետո արցախցիները ետ են վերադարձել՝ վստահելով Ռուսաստանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«2020 թվականի պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո, արցախցի մեր հայրենակիցների մի հոծ զանգված Հայաստանից վերադարձան Արցախ՝ փորձելով վերականգնել իրենց բնականոն առօրյան։ Նրանք վերադարձան ինչի՞ հաշվին, ու՞մ վստահելով։ Եթե ինչ-որ մեկն ասի, որ վերադարձան կառավարությանը կամ Նիկոլ Փաշինյանին վստահելով, ծիծաղելի կլինի։ Նրանք վերադարձան՝ կարծելով, որ ունեն անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ եթե հարցը քննարկենք բարոյական տեսանկյունից, ապա, փաստացի, մարդիկ հավատացել էին, վստահել էին մի կողմի, բայց արդյունքը եղավ այն, ինչ եղավ։

Հիմա խոսենք իրավական կողմի մասին։ Իրավական բաղկացուցչին այս մասով ավելանում է նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությունը։ Խաղաղապահ առաքելությունը այնտեղ էր ի՞նչ անելու նպատակով՝ ապահովելու Արցախից մեր հայրենակիցների ելքը, թե ապահովելու նրանց բնականոն կյանքը և նույն Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։ Կա՞ այստեղ խնդիր՝ իհարկե կա»,- ասաց Բեքարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ բոլոր տեսակի հարցերը մինչ ՌԴ-ին ուղղելը, պետք է ուղղել Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանություններին։

«Եթե անդրադառնանք քաղաքական բաղկացուցչին, ապա բոլոր տեսակի հարցերը մինչ ՌԴ-ին ուղղելը, պետք է ուղղել Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանություններին։ Այս երկուսն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, բայց արդյոք այս ամենը Ռուսաստանին ազատում է իր բաժին պատասխանատվությունից։ Բնականաբար, ոչ։ Ես չեմ ընդունում, որ մարդիկ ամբողջ պատասխանատվությունը մի կողմի վրա են ուղղում, բայց չեմ ընդունում նաև, որ մյուս կողմին կարող են այդ պատասխանատվությունից ազատել»,- եզրափակեց Բեքարյանը։

Հիմա եթերում