«Բոմբերի» տակ հասել եք Ուկրաինա, Արցախ էլ կարող եք գնալ. ամերիկահայ ակտիվիստը՝ Ադամ Շիֆին

11 Օգոստոսի 2023, 22:01

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկահայերը կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են ոչ թե քաղաքական կտրուկ գործողությունների դիմել, այլ ընդամենը գնալ Արցախ, սեփական աչքով տեսնել իրավիճակն ու փոխանցել Սպիտակ տանը։ Իրենց պահանջների մասին Alpha News-ի ուղիղ եթերում խոսել է ամերիկահայ ակտիվիստ Անուշ Մուրադյանը։

«Արդեն 5 օր է՝ մենք քնում ենք Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց։ Շիֆը ԱՄՆ-ում ամենաուժեղ կոնգրեսականներից է, որը, մեր կարծիքով, ունի հնարավորություն ինչ-որ կերպ միջամտելու, օգնելու։ Նա մեզ համար լավ կոնգրեսմեն է եղել։

Մեր քայլերը ավելի շատ ոչ թե ինչ-որ ընդվզում, բողոքի կոպիտ ձև են, այլ փորձ է՝ զրուցելու Ադամ Շիֆի հետ և ասելու, որ ավելի լուրջ քայլերի է պետք դիմել: Արցախում դրությունը իրոք շատ լարված է։ Խնդրում ենք Շիֆին, որ անձամբ գնա Լաչինի միջանցք ու տեսնի՝ ինչ է կատարվում այնտեղ։ Թո՛ղ ինքը անձամբ գնա, տեսնի ու ասի՝ Ադրբեջանի կողմից անօրինական փակուղի կա՞, թե՞՝ ոչ։ Ուզում ենք՝ ինքը բոլոր ԶԼՄ-ներով խոսի այդ մասին: Ամբողջ աշխարհը կլսի դա»,-ասել է Անուշ Մուրադյանը։

Նրա փոխանցմամբ, երբ իրենք փակել են մայրուղին, Շիֆը կապի է դուրս եկել իրենց հետ, եւ ձեռք է բերվել հանդիպման պայմանավորվածություն, որի ժամկետը դեռ հայտնի չէ:

«Ուզում եմ նշել, որ բողոքի մեր ակցիայի նպատակը ոչ թե այն է, որ ինքը խառնվի այդ հարցին ու քաղաքական լուծում տա, ո՛չ, ուզում ենք ճշգրիտ ինֆորմացիա փոխանցի Սպիտակ տուն, ասի, որ իրականում Ադրբեջանն է ճանապարհը փակել։ «Բոմբերի» տակ կարողացել եք հասնել Ուկրաինա, Արցախ-Հայաստան, առավել ևս, կարող եք գնալ ու տեսնել՝ ինչ իրավիճակ է այնտեղ»,-համոզմունք է հայտնել ամերիկահայ ակտիվիստը։

Անուշ Մուրադյանն ասում է՝ քանի որ հանդիպման խոստում է եղել, ընդվզում, նոր քայլեր դեռ չեն նախատեսում։ Ամեն ինչ կախված կլինի հանդիպման արդյունքներից:

Հիմա եթերում