Բորելն ապացուցեց, որ Փաշինյանի թեզերը կեղծ են և հենց նրանք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետ

14 Հունիսի 2023, 15:01

Կարծիք

Ժոզեպ Բորելն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի թեզերը կեղծ են եւ հենց ներկայիս իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, թե «առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»:

«Ժոզեպ Բորելն առաջին օտարերկրյա պաշտոնյան է, որը նախկիններին չի մեղադրում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում: Վերջերս հետեւում էի Բելառուսի նախագահի ելույթին, որում թիրախավորվում էին Հայաստանի նախկին իշխանությունները եւ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժառանգություն է ստացել, բայց Բորելն առաջինն էր, որ արձանագրեց՝ ներկայիս իշխանությունն է Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:

Իհարկե, Ժոզեպ Բորելը ողջունում է դա, որովհետեւ դա հեշտացնում է բոլորի գործը, փոխարենը վտանգում Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքը ու հայոց պետականությունը»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը եւ հավելեց, որ նախկինում երբեւէ որեւէ փաստաթղթով Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի կազմում:

«Նույն Մադրիդյան սկզբունքները, որին սիրում է հղում անել Նիկոլ Փաշինյանը, հստակ ամրագրում էր Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը, անգամ նշված էր հարաբերակցությունը, որով պետք է տեղի ունենար հանրաքվեն: Եվ եթե Ադրբեջանը համաձայներ դրան, ապա Արցախը ստանալու էր անկախություն:

Սա փաստ է, եւ բոլոր միջազգային գործընկերները հասկանում են, թե այնտեղ ինչ է գրված, իսկ մնացածը Նիկոլ Փաշինյանի քարոզչությունն է, որը գործում է միայն Հայաստանի ներսում, դրա սահմաններից դուրս այն ոչ մի արժեք չունի»,- նշեց ադրբեջանագետը:

Հիմա եթերում