Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

03 Օգոստոսի 2023, 11:35

Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Կարևոր հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարի կամքի ոգով երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում