Բունդեսթագի երկու պատգամավոր մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու համար. Սամվել Լուլուկյան
17 Դեկտեմբերի 2024, 11:45
Բունդեսթագի պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու գործով: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ:
Լուլուկյանը նշում է՝ պատգամավորները կաշառակերության և կոռուպցիայի սխեմայի ներքո կատարել են Բաքվի ռեժիմի պատվերները:
«Մյունխենի բարձրագույն շրջանի դատարանը որոշել է վարույթ ընդունել երկուսի նկատմամբ՝ կաշառակերության և կոռուպցիայի կասկածանքով: Լինթների դեպքում սա երկար պատմություն է, բայց այս պատմության մեջ կար նաև Կարին Շտրենցը, ով նույնպես մեղադրվում էր այս գործով, բայց 2020թ-ին օդանավի մեջ հանկարծամահ եղավ: Եվ կար մեղադրանք, որ Լինթներն այդ գումարները փոխանցել էր Կարին Շտրենցին: Բոլորիս էլ պարզ է. որ այս պատգամավորները կաշառակերության և կոռուպցիայի սխեմայի ներքո կատարել են Բաքվի ռեժիմի պատվերները և ի նպաստ Ադրբեջանի Եվրախորհրդարանում որոշումներ կայացրել»,- ասել է Լուլուկյանը:
Նա ընդգծել է, որ ի նպաստ Ադրբեջանի՝ լոբբիստական աշխատանքներ իրականացվել են և դրանք կրում են շարունակական բնույթ:
«Երբ Ադրբեջան պետությունը ստեղծվեց, առաջին իսկ օրվանից ի օգուտ նրանց լոբբիստական աշխատանքներ են իրականացվել քաղաքական գիգանտների կողմից, ինչպես նաև Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Գենշերի կողմից: Հիմա էլ վերոնշյալ մարդիկ են այդ գործը շարունակում, և փորձում են կաշառակերությամբ ու կոռուպցիայով ի նպաստ Ադրբեջանի որոշումներ կայացնել: Այս ամենը շարունակական բնույթ է կրելու: Նրանք փորձելու են Սյունիքի, «Զանգեզուրի միջանցքի» հարցերով Գերմանիային ևս ներգրավվել, որպեսզի որոշումները նույնպես կայացվեն ի նպաստ Ադրբեջանի»,- եզրափակել է Լուլուկյանը: