Բունդեսթագի պատգամավորը պատժամիջոցներով է սպառնում Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը
23 Հոկտեմբերի 2023, 18:55
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը ձախողել է այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էր երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էինք երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը, այսինքն՝ ունենանք հստակ դիրքորոշում, այն է՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունենք այդ երկու երկրների հետ կապված։
Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունն, անշուշտ, կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։ Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- ընդգծել է Ռոթը։
Հարցին, թե ո՞ր պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի՞ Հայաստանի վրա, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանել է՝ ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն և կիրառվեն։
«Ամեն դեպքում մենք թույլ չենք տա ԵՄ-ն ինտենսիվացնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում և այդ պատճառով հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակել է Ռոթը։