Բողոքի ակցիաները ուղղված են ՀՀ կառավարությանը, ավելի կոնկրետ` դեսպանատներին. Գևորգ Բագրատունի
22 Օգոստոսի 2023, 23:20
Հայաստանի իշխանությունները Արցախի ամենամեծ թշնամին են դարձել, քանի որ ուզում են Արցախը նվիրել Ադրբեջանին: Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել «Ազգային Միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին՝ հավելելով որ
Հոլանդիայի ու Բելգիայի հայերի համար իշխանության նման վերաբերմունքը ապշեցնող է:
«Նայելով Հայաստանի իշխանության վերջին հինգ տարվա գործունեությանը՝ հասկանում ենք, որ հայամետ որևէ բան չեն անում, այլ ադրբեջանամետ ու թուրքամետ քաղաքականություն են վարում: Դա է պատճառը, որ հիմա բողոքի ակցիաները ուղղված են Հայաստանի կառավարությանը՝ ավելի կոնկրետ դեսպանատներին:
Ես երբեք չէի մտածի, որ մի օր կարող եմ դուրս գալ մեր երկրի դեսպանության դեմ: Բայց քանի որ նրանք վարում են ոչ հայամետ քաղաքականություն, մենք ստիպված ենք լինելու դուրս գալ և փորձել նրանց բացատրել, որ իրենք աշխատում են՝ ի օգուտ Ադրբեջանի և Թուրքայի: Եթե չեն կարողանում աշխատել՝ ի նպաստ հայության, թող դուրս գան և նրանց փոխարեն գան նրանք, ովքեր կկարողանան աշխատել ճիշտ»,- ասել է Բագրատունին:
Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունը Արցախը նվիրելուց բացի, այլ հստակ ծրագիր չունեն:
«ՀՀ իշխանությունը Արցախը նվիրելուց բացի, այլ հստակ ծրագիր չունի: Մենք դա տեսնում ենք իրենց գործողություններից: Դրա համար էլ մենք շարունակելու ենք մեր բողոքի ցույցերը: Մոտակա օրերս կլինի երկու ակցիա, մեկը Հայաստանի դեսպանատների դեմ ակցիան է, իսկ երկրորդը լինելու է մի քանի եվրոպական քաղաքներում, իսկ ամենամեծը՝ Բրյուսելում, քանի որ այնտեղ է ԵՄ նստավայրը, այն լինելու է հենց Եվրամիության դեմ: Սա արցախամետ բողոք է լինելու, և սրանով ուզում ենք արցախցիներին ցույց տալ, որ նրանք մենակ չեն, և Սփյուռքը նրանց չի մոռացել»,- ասել է Բագրատունին: