Բրիտանացիները միշտ փորձում են ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Անատոլի Մատվիյչուկ

Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական ձախողված բանակցությունները։

«Եվ Ադրբեջանը, և Հայաստանը խաղում են իրենց խաղը՝ իրենց ուղենիշներով, սեփական նպատակադրումներով։ Շահառուն անգլիական կողմն է։ Բրիտանացիները միշտ փորձում են ամուր հաստատվել Հարավային Կովկասում։ Նրանց համար դա, ես կասեի, կենսական նշանակություն ունի։ Նախ, դրանք էներգետիկ ռեսուրսներ են։ Երկրորդ՝ Հարավային Կովկասը հանդիսանում է դարպաս դեպի Մերձավոր Արևելք և վերահսկում է առևտրային ուղիները, միջերկրածովյան ուղիները և այլն։

Այս ամենը միահյուսված է Մեծ Բրիտանիայի՝ որպես նեոգաղութատիրական տերության դոկտրինալ դիրքորոշման հետ, որն այսօր փորձում է խաղալ իր խաղը, նույնիսկ որոշ տեղերում ի վնաս իր դաշնակցի, որ նրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»,- ասել է Մատվիյչուկը։

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ հայկական կողմը դեմ է բանակցություններին այս կամ այն ձևով բրիտանացիների մասնակցությանը, և ընդհանուր հայտարարի գալու համար կողմերը կկարողանան ինքնուրույն գտնել փոխզիջումային շփման կետեր։

«Ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար անընդունելի է, որ անգլիացիները փորձում են տեղավորվել Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման այս գործընթացում։ Սա, ես կասեի, հավանաբար կողմերից մեկին հյուծելու համար է , երբ այս կամ այն օգուտով այլևս չկան բավարար փաստարկներ։

Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, կհաղթի ողջախոհությունը, և այդուհանդերձ, Ադրբեջանն ու Հայաստանը կհրաժարվեն իրենց բոլոր խորհրդատուներից և կփորձեն լուծել խնդիրները պատմական արդարության և իրավական օրինականության տեսանկյունից»,- ընդգծել է փորձագետը։

Անատոլի Մատվիյչուկը միաժամանակ նշել է՝ եթե հանդիպում տեղի ունենար բրիտանական պատվիրակության ներկայությամբ, ապա Մեծ Բրիտանիան կփորձեր խաղալ իրեն ձեռնտու պայմաններով։

«Այն է՝ որոշ տարածքների և հողերի հանձնում և, օրինակ, ազատ անցում դեպի Նախիջևան՝Հայաստանի շահերին վնաս պատճառելու տեսակետից»,- եզրափակել է Մատվիյչուկը։

Հիմա եթերում