Բրյուսելում խոսքը գնալու է Սյունիքի մասին. Ալեքսանդր Բեդրիցկին՝ Փաշինյանի Բրյուսել այցի մասին
21 Մարտի 2024, 21:30
Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Բեդրիցկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:
Փորձագետի կարծիքով՝ Բրյուսելում քննարկումն, ամենայն հավանականությամբ, կընթանա կա՛մ «Զանգեզուրի միջանցքի», կա՛մ ընդհանրապես ամբողջ գավառի հատուկ կարգավիճակի մասին։
«Ես կարծում եմ, որ Բրյուսելում խոսքն ընդհանրապես կգնա Սյունիքի մասին, որովհետև իրենք հետաքրքրված են հենց «Զանգեզուրի միջանցքով», այսինքն՝ Սյունիքով։ Հինգ գյուղ, կարծես թե, արդեն ուղղակիորեն պայմանավորվել են Ադրբեջանի հե, հանձնում են։ Ուստի, ամենայն հավանականությամբ, խոսքը հենց Սյունիքի մասին է լինելու՝ այս կամ այն չափով։ Կա՛մ խոսքը միջանցքի, կա՛մ ընդհանրապես ամբողջ գավառի հատուկ կարգավիճակի մասին է լինելու։ Եվ այստեղ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի շահերը համընկնում են։ Այսինքն, եթե Թուրքիան ընդհանուր առմամբ ունի շահեր, որոնք որոշ տեղերում համընկնում են ամերիկացիների ու բրիտանացիների հետ, իսկ ինչ-որ տեղ՝ ոչ, ապա ինչ վերաբերում է Նախիջևան տանող այդ միջանցքի վերահսկմանը, ապա նրանք ունեն շահերի լիակատար համընկնում։
Հասկանալի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» թեզը, և հենց հայտնվում է ընդհանուր սահմանը, այսինքն՝ ընդհանուր միջանցքը, ապա կարելի է խոսել արդեն ընդհանուր պետության մասին։ Իսկ եթե դա ընդհանուր պետություն է, ապա դա ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Եվ ամեն դեպքում օրակարգում լինելու է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Գուցե ոչ այս տարի, բայց հեռանկարում դա բացարձակապես հաստատ է: Եվ Հայաստանի համար դա նշանակում է նախ և առաջ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում, այլ նշանակում է, որ Հայաստանը կտրված է լինելու Իրանից, որը նույնպես շատ է հետաքրքրված Հայաստանով, ներկայիս ստատուս քվոյի պահպանմամբ, և, ի վերջո, նույնպես շատ բան է տալիս Հայաստանին։ Ամեն դեպքում պարտվող կողմը կլինի ոչ թե Փաշինյանը, քանի որ նա հայերի և Հայաստանի հետ ոչ մի գործ չունի, այլ Հայաստանի ժողովուրդը», — ասել է Բեդրիցկին։
Ինչ վերաբերում է այս ամենում Իրանի դերին, ինչպես նշել է քաղաքագետն, ապա Իրանը ժամանակին Թուրքիային և Ադրբեջանին տրանսպորտային միջանցք էր առաջարկում իր տարածքով։
«Այսինքն՝ մեկը, որին ամբողջությամբ կվերահսկեր։ Բայց քանի դեռ թուրքերն ու ադրբեջանցիները ձիու վրա են, նրանք դրան առանձնապես լուրջ չեն վերաբերվում», — եզրափակել է Բեդրիցկին։