Բրյուսելը պետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին․ Ջոն Ինյարիտու

26 Փետրվարի 2025, 10:16

Քաղաքականություն

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է աջակցի Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա մարտահրավերներին դիմակայելու գործում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալուն։ 

«Իմ կարծիքով՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում՝ լինեն դրանք մշակութային, թե պատմական կապերը։ Եվրոպական միությունը պետք է աջակցի Հայաստանին՝ վերականգնելու իր արժանի տեղը եվրոպական ընտանիքում: ԵՄ-ն պետք է աջակցի այս համարձակ քայլին և ապահովի, որ Հայաստանը միայնակ չդիմակայի մարտահրավերներին, քանի որ այն մնում է տարածաշրջանի սակավաթիվ ժողովրդավարություններից մեկը»,- ասել է Ինյարիտուն։