Բրյուսելյան հանդիպումից առաջ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

07 Հոկտեմբերի 2023, 22:23

Քաղաքականություն

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։

«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ զանգահարեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը:

Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը նաև երկարաժամկետ ապագայում»,- գրել է Միշելը:

Նշենք, որ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում 8 անկլավներ, որոնք պետք է ազատագրել»:

Մինչդեռ, Փաշինյանի վարչակազմը հաղթանակ էր համարում Գրանադայում քառակողմ հանդիպման հայտարարությունը, որն առանց Ալիևի էր ընդունվել եւ վստահեցնում էր հասարակությանը, թե, այսպես կոչված, անկլավների թեման չի քննարկվել, միջանցքի թեման փակ է։