Բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում
08 Դեկտեմբերի 2023, 11:56
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։
Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության ստանձնած պարտավորությունները և ծրագրային առաջնահերթությունները: ՀՀ 2024թ. պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ
-2023թ. տնտեսական աճը, կրելով նախորդ տարվա դրական գործոնների ազդեցությունները, շարունակում է մնալ բարձր, սակայն ունի դանդաղման միտում: Տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, սակայն տարվա երկրորդ կեսին՝ հունիս-հուլիս ամիսներից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ գտնվելով 6%-ի շուրջ մակարդակում: Եթե աճի տեմպի դանդաղումը շարունակվի, ապա 2024թ. կարող է վտանգվել կառավարության 7% թիրախի ապահովումը, ինչն էլ կհանգեցնի բյուջեի կատարման դժվարությունների, քանի որ կնվազեն նաև հարկային եկամուտները: Բացի կառավարությունից, այլ կառույցների կանխատեսումները 2024թ. համար տնտեսական աճի վերաբերյալ 7%-ից ցածր տիրույթում են, ինչը որոշակի ռիսկերի մասին է մատնանշում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բյուջեի ուղերձում այս մասին ևս նշվում է, և նախատեսվել է պահուստային ֆոնդում որոշակի ռեսուրսի
պահպանում՝ տնտեսական աճի թիրախի չապահովման դեպքում ծախսերի կրճատման հնարավորություն ունենալու համար:
-2024թ. բյուջեում առկա չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես վերևում նշվեց, 2024թ. բյուջեն հիմնված է 7% տնտեսական աճի թիրախի վրա, սակայն, կանխատեսումները հուշում են, որ աճը կարող է լինել 5.6%-ի չափ: Հետևաբար 7%-ին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ մասնավոր ներդրումների և արտահանման ծավալների աճ: Սակայն, բյուջեի ծախսերի ծրագրերի հատվածում ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված հստակ միջոցառումներ ներկայացված չեն, որոնք կբացահայտեին, թե որքանով հնարավոր կլինի հաջորդ տարի նպաստել ներդրումների և արտահանման աճին: Ծրագրերի մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությունը
ներդրումների և արտահանման անհրաժեշտ չափով աճի հավանականությունը բավական անորոշ է դարձնում՝ հարցականի տակ դնելով նաև թիրախային տնտեսական աճի ապահովումը:
-Բյուջեի հիմքում դրված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավում, որի իրագործումն էական դժվարություններ, հետևաբար նաև ռիսկեր է պարունակում: 2023թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է բարելավվի շուրջ 1.0 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարի՝ ևս 0.75 տոկոսային կետով: Ընդ որում, բավական մեծ շեշտադրում է առկա վարչարարության բարելավման վրա, որն ավելի անորոշ և ռիսկային է: ՀՀ պատմության ընթացքում, երկու տարվա մեջ 1.75 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում դեռևս տեղի չի ունեցել: Չնայած նրան, որ նախատեսվում են
նաև հարկերի բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, այնուամենայնիվ դրանք այդքան մեծ ազդեցություն չեն ունենա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա: Հետևաբար, այս մասով ևս պետք է նախատեսել որոշակի պահուստային «բարձիկներ» հարկերի հնարավոր թերհավաքագրման պայմաններում հարկաբյուջետային կայունության ապահովման համար:
-2024թ. պետական բյուջեով և՛ եկամուտների, և՛ ծախսերի գծով նախատեսված են էական աճեր: 2024թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13.1%, իսկ ծախսերի գծով՝ 20.8% աճ: Ծախսերի գծով աճը ներառում է նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության գումարները, որոնց ծավալը կազմում է շուրջ 109.2 մլրդ դրամ: Վերջինից 47.3 մլրդ դրամն արդեն իսկ ընդունված ծրագրերի համար է նախատեսված, իսկ մնացած մասը՝ 61.9 մլրդ դրամը, տեղափոխվել է պահուստային ֆոնդ՝ տարվա ընթացքում անհրաժեշտ աջակցության ֆինանսավորման համար, քանի որ ներկա փուլում աջակցության կարիքն ամբողջությամբ գնահատված չէ:
-Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ: Կապիտալ ծախսերը նախատեսվում է 2024թ. հասցնել ՀՆԱ-ի 6.6%-ին՝ 2023թ. համար սպասվող 5.9%-ի և 2022թ. փաստացի 4.5%-ի դիմաց: Սակայն, 2023թ. կապիտալ ծախսերն ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57.4%, ինչը հուշում է, որ կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման խնդիրը դեռևս չի լուծվել և շարունակելու է մնալ նաև ապագայում, քանի որ դրա ուղղությամբ որևէ էական քայլ չի ձեռնարկվում: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի մեծացումը հաշվի է առնված նաև հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումներում, հետևաբար քրոնիկ թերակատարումների պահպանումը կարող է վտանգել նաև տնտեսական աճի թիրախի ապահովումը:
Վերլուծությունն ամբողջությամբ` այստեղ: