«Փորձաքննությունների ազգային բյուրոն»՝ «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթի մրցանակակիր

25 Հոկտեմբերի 2023, 18:46

Կրթություն

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը և պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած դատափորձագիտության բնագավառի երիտասարդ հետազոտողների «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում արժանացել են մրցանակների:

Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» գիտական աշխատանքների մրցույթը նպատակ ունի երիտասարդներին ներգրավելու դատական փորձաքննության արդի հիմնախնդիրներին առնչվող գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:

Մրցույթի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը հանդես է եկել «Հայաստանյան շուկայում սպառվող ըմպելի յոգուրտներում և բիոկեֆիրներում Bacillus ցեղի հեմոլիտիկ ակտիվությամբ օժտված տեսակների հայտնաբերումը» թեմայով զեկույցով, որում անդրադարձել է կաթնամթերքում սպոր առաջացնող մանրէների տարածմանը, դրանց կենսաքիմիական հատկությունների ուսումնասիրմանը և նորագույն մեթոդների կիրառմամբ կաթնամթերքի մանրէազերծմանը:

Սոնա Նիկոլյանի՝ գիտական այդ աշխատանքն ընդգրկվել է առավել ստեղծագործ երիտասարդ գիտնականների լավագույն աշխատանքների եռյակում և արժանացել 2-րդ աստիճանի դիպլոմի:

Իսկ Բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանի «Ատոմային աբսարցիոն սպեկտրոսկոպիայի կիրառումը դատաձգաբանական փորձաքննությունում» թեմայով գիտական հոդվածը հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական տեսական աշխատանք» անվանակարգում:

Հաղթողներին և մրցանակակիրներին պատվոգրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը` ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու կարևորությունը։