Ցանկացած բռնապետություն նախ ուզում է խլել հիշողությունը․ Լուսինե Ջանյան

17 Սեպտեմբերի 2025, 00:15

Կարծիք

Այսօր նրանք հեռացրել են Արարատը, վաղը կհրաժարվեն այլ խորհրդանիշներից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ստոկհոլմում բնակվող նկարչուհի Լուսինե Ջանյանն՝ անդրադառնալով անցակետերում կնիքների վրայից Արարատ լեռան խորհրդանիշը հեռացնելուն։

«Կարծում եմ՝ դա միանգամայն սպասելի էր։ Ցավոք, մենք տեսնում ենք թշնամուն խաղաղեցնելու քաղաքականություն, ընդ որում՝ բավական ագրեսիվ թշնամու։ Այդպիսին են Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ երկրներից ոչ մեկը չի հրաժարվել իր էքսպանսիոնիստական մտադրություններից։ Բոլորս հիշում ենք, որ ընդամենը երեք տարի առաջ՝ սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածք, և մինչ օրս 215 քառակուսի կիլոմետր ինքնիշխան հայկական հողեր մնում են օկուպացված: Ինձ թվում է, որ դա մի տեսակ պատասխան է քարոզչությանը։ Ադրբեջանական և թուրքական քարոզչությունը հերքում է Արևմտյան Հայաստանի գոյությունը, թեև Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է: Հայերն այդ հողի բնիկ ժողովուրդն են։ Սակայն նրանք փորձում են այդ իրողությունը փոխարինել «Արևմտյան Ադրբեջան» հորինված հասկացությամբ, որը երբեք գոյություն չի ունեցել։

Ցավոք, Հայաստանի կառավարությունը գնում է այդ քարոզչությանը՝ հետքայլ անելով։ Այսօր նրանք հեռացնում են Արարատ լեռը, վաղը կհրաժարվեն այլ խորհրդանիշներից։ Եվ ամենասարսափելին ագրեսիվ քարոզչությանը ենթարկվելն է, որը ջնջում է ժողովրդի իրական պատմական հիշողությունը։ Արարատ լեռը մեր պատմական հիշողությունն է։ Դա մեր ցավի խորհրդանիշն է, ցեղասպանության խորհրդանիշը։ Դա մեր ինքնությունն է։ Եվ դրանից հրաժարվելը շատ սարսափելի է», — ասել է Լուսինե Ջանյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ոչ թե պարզապես ջնջում են կարմիր գծերը, այլ ոչնչացնում են հայկական ինքնությունը։

«Հիմա ոչ ոք չի խոսում այն մասին, որ Գանձակը նույնպես հայկական հող է։ Որովհետև դրա մասին խոսելը վտանգավոր է. դա ներկայիս Ադրբեջանի տարածքն է։ Բայց ինձ համար, որպես 1988-ի ջարդերից հետո հայրենիքից հեռացած արցախցի փախստականի, թվում էր, թե կարմիր գիծ կա։ Էթնիկ զտումներ, ցեղասպանություն: Ցեղասպանության ուսումնասիրության առաջատար երեք ինստիտուտներն էլ կատարվածը ցեղասպանություն են ճանաչել։ Ինձ թվում էր, թե հենց դա է այն գիծը, որը չի կարելի հատել։ Բայց հանկարծ մենք տեսնում ենք, որ այս ամենն անվանում են «խաղաղության դարաշրջան», ստորագրում են «խաղաղության պայմանագիր» և պարզապես ջնջում են այդ մարդկանց։ Ես շատ վիրավորված եմ, քանի որ մեզ ջնջել են։ Ոչ ոք չի խոսում մեր հայրենիք վերադառնալու մասին, ոչ ոք չի բարձրացնում Արցախի 150 հազար բնիկների վերադարձի հարցը», — նշել է Լուսինե Ջանյանը։