Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը․ Արցախի ԱԳՆ
24 Օգոստոսի 2023, 10:07
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է BBC-ի ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությանը, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն պատասխանել է լրատվամիջոցների ուղղած հարցին.
Հարց. -BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։
Պատասխան. — Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը, սակայն, մերժել է դրանք:
Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային։