«Ցանկացած պարագայում սփյուռքը իր սիրտը կարող է տալ հայրենիքին»․ Համլետ Ղալեչյան

23 Մարտի 2025, 19:20

Մշակույթ

Մոսկվայի հայկական «Գավիթ» թատրոնն այս օրերին մերձմոսկովյան քաղաքների հայ հանդիսատեսին է ներկայացնում «Մեկը երկուսի համար» պիեսը, որտեղ գլխավոր կերպարներին կերտում են Հայաստանից հրավիրված հայտնի և սիրված դերասան Արման Նավասարդյանը և Մոսկվայից հայազգի ճանաչված դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Աշոտ Քեշչյանը։

Alpha News-ը հյուրընկալել է Մոսկվայի հայկական եկեղեցուն կից գործող «Գավիթ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանին։

«Ներկայացումն արդեն շուրջ 100 անգամ խաղացվել է Մոսկվայում, ՌԴ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում»,- մեզ հետ զրույցում նշել է Համլետ Ղալեչյանը և կիսվել տպավորություններով, թե որքան ջերմ է ընդունել նրանց Լոս Անջելեսի հայ հանդիսատեսը․

«Եթե Մոսկվայում մեզ 10 րոպե են ծափահարում և նորից բեմ կանչում դերասաններին, ապա այնտեղ դա տևեց մոտ 25 րոպե։ Եվ դա ինձ համար իսկապես մեծ գնահատանք է և երջանկություն։ Եվ ցանկացած պարագայում սփյուռքը իր սիրտը կարող է տալ հայրենիքին սա է ներկայացման հիմնական գաղափարը»։

Խոսել ենք թատրոնի սփյուռքում աշխատելու առանձնահատկություններից և կարևորությունից։ Ռեժիսորը հավելեց, որ թատրոնի խաղացանկը բազմաժանր է, և պիեսներն ու ներկայացումներն ընտրվում են՝ ասելիքի կարևորությունից և սփյուռքի հանդիսատեսի հետաքրքրություններից ելնելով։

«Գավիթ» թատրոնն այս օրերին էլ մեծ զբաղվածություն ունի, ստեղծագործական բուռն շրջան է։ Պատրաստում են նոր ներկայացումներ և շուտով կլինեն պրեմիերաներ։

«2023 թվականն ինձ համար որոնումների տարի էր, ես ոչինչ չէի կարողանում գրել։ Բայց հիմա ունեմ նոր պիես, կոչվում է «Վարդագույն քաղաք»։ Դերասանները նույնպես սպասում են հայ հանդիսատեսի հետ նոր ներկայացումներով հանդիպմանը,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանը։