Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ ԼՂ-ում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Մեթյու Միլլեր

15 Սեպտեմբերի 2023, 12:36

Քաղաքականություն

Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որ սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել: Մեթյու Միլլերը չի հստակեցրել, թե արդյոք Բոնոն կայցելի  նաև Բաքու:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, բայց եթե Դուք զանգահարեք համապատասխան բյուրոյին, վստահ եմ, որ նրանք կարող են Ձեզ մանրամասնել»,- ասել է նա:

Հարց է հնչել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անմիջապես բացվի: Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասկացնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»,- պատասխանել է Միլլերը: