Ցանկանում ենք փոխել այն իրականությունը, որը պարտադրվել է մեզ. Բագրատ Սրբազան
26 Մայիսի 2024, 17:12
Մեր ժողովուրդը իր մեծով ու փոքրով ընդունել է այս շարժման օրակարգը: Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով ու սպասումով, նոր արթնացած հույսերով, աչքերից ճառագող լույսով, որը մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, թե սպանել են վերջնականապես: Մենք հրապարակներում, փողոցներում, կրթական ու գիտական, մշակութային կենտրոններում ականատեսը եղանք այն մեծ սիրո ալիքի, որը վկայում է՝ մեր ժողովուրդն իր մեծով ու փոքրով ընդունել է այս շարժման օրակարգը ու պատասխանատու մասնակցությամբ ցանկանում է փոխել այն դառը իրականությունը, որը ոչ թե իր ստեղծածն է, այլ արհեստական կերպով պարտադրվել է մեզ՝ որպես «անխուսափելի» իրականություն՝ փորձելով այն դարձնել հուսահատության, անզորության, անելանելիության, անճարակության, վախերի, անօգնականության մշակույթ ու վարքագիծ:
Այս օրերը փաստեցին՝ մերժել ու պատռել եք այդ ամենը, պատրաստ եք պայքարի՝ հակառակ բոլոր դժվարությունների ու դժբախտությունների»,- նշեց Բագրատ Սրբազանը: