Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
19 Ապրիլի 2025, 22:06

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 165 կգ, 170 կգ և 173 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը երրորդն էր: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը երրորդն էր՝ 203 կգ արդյունքով: Երկամարտի 376 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը, ով պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանեց, ինչպես նաև ռեկորդ սահմանեց երկամարտի հաշվարկով:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: