Ցավալի է, բայց պետք է նայել ճշմարտության աչքերին. Իրժի Յուստը՝ Բաքվին դատապարտելու Եվրոպայի ցանկության մասին
05 Օգոստոսի 2023, 16:30
Չեխ լրագրող Իրժի Յուստը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների չկատարումը:
«Ես չէի ասի, որ Ադրբեջանի ամեն քայլն, ընդունելի է, բայց, իրոք, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ասպարեզում ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերվում։ Դա կարելի է բացատրել երկու գործոնով. նախ՝ էներգետիկ գործոնը, չէ՞ որ Ադրբեջանը էներգակիրների խոշոր մատակարար է դեպի Եվրոպա, ուստի Եվրոպան չի ցանկանում կտրուկ շարժումներ և դատապարտումներ անել Բաքվի հասցեին։ Ցավալի է, բայց ճիշտ է, պետք է նայել ճշմարտության աչքերին։
Երկրորդ՝ բանակցային գործընթացը տապալելու մտավախությունը։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ հենց այդ պատճառով Արևմուտքը չի ցանկանում չափազանց կոշտ պատժել Ադրբեջանին», — պարզաբանել է Իրժի Յուստը։