Հնարավոր չէ հայտարարել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը՝ Լավրովին

«Ուրախ եմ, որ ևս մեկ հնարավորություն ունեմ կրկին խոսելու ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ», — Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ զրույցի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքը պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը:

Մենք կենտրոնացած ենք մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության վրա: Հայաստանը հավատարիմ է մնում մեր երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր եռակողմ հայտարարություններին։

Ցավոք սրտի, ինչպես ասում են, «տեղում» իրավիճակը մի փոքր այլ է. բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից պարբերաբար նկատվում է իրավիճակի սրացում։ Մենք տեսնում ենք ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, տեսնում ենք նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում:

Վերջին նման խախտումը եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը փորձել է անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, թեև Լաչինի միջանցքի ռեժիմը շատ հստակ ձևակերպված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ Բայց, ցավոք, այժմ հնարավոր չէ հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունը հիմա վերահսկում է Լաչինի միջանցքը»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

Հիմա եթերում