CCAF-ը դատապարտել է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ
16 Փետրվարի 2026, 10:00
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:
CCAF-ի գնահատմամբ՝ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների պատճառով, որոնք, ինչպես ընդգծվում է, պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը։
CCAF-ը կարծում է, որ Եկեղեցու առաջնորդի և նրա հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։ Կազմակերպությունը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվում է լուրջ արտաքին մարտահրավերների՝ նշելով, որ նման գործողությունները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը։
Ֆրանսահայ կառույցը հայտարարել է, որ նման քայլերը ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին և որակել է տեղի ունեցողը որպես քաղաքականապես դրդված՝ վնաս հասցնող ազգային միասնությանը։ CCAF-ը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել «չարաշահումները»՝ նշելով, որ ընթացող զարգացումները հիշեցնում են պատմության առավել մռայլ էջերը։ Կազմակերպությունը նաև պահանջել է վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների, ինչպես նաև նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։
Հայտարարության վերջում CCAF-ը վերահաստատել է իր հարգանքը, համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդգծելով սփյուռքի մտահոգությունը պետական իշխանությունների և Եկեղեցու միջև շարունակվող լարվածության կապակցությամբ։