Ցեղասպանագետը կցանկանար, որ Զարեհ Սինանյանի արտահայտությունը լեզվի սայթաքում լիներ
01 Հունիսի 2023, 19:35
«Նախկին իշխանությունների ժամանակ, մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահի օրոք Հայոց ցեղասպանության թեման Հայաստանի արտաքին քաղաքականության համար գերակայություն էր, և դա միշտ ընդգծվում էր միջազգային բոլոր հանդիպուներում, համաժողովների ժամանակ, իսկ գործող իշխանությունն իր խոսույթում այս հարցը չի բարձրացնում և առաջնային պլանում չի դնում ցեղասպանության ճանաչման գործընթացը», — Alpha News-ի հետ զրույցում նշել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
Մանուկյանը կցանկանար հավատալ, որ Սինանյանի՝ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է» արտահայտությունը սխալ ձևակերպում է կամ լեզվի սայթաքում, և մի պարզ պատճառով՝ Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երբեք չի դիտարկել որպես պատմական փաստի արձանագրում, դա Թուրքիայի քաղաքականությունն է, որն ասում է «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, ցեղասպանությունը թողնել պատմաբաններին»:
Հայաստանի դիրքորոշումը միշտ հակառակն է եղել՝ Հայոց ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է, և քանի դեռ մեղավորը չի պատժվել՝ Հայկական հարցը չլուծված է մնում, և Հայաստանը շարունակում է հետապնդել ու հետևողական լինել, որպեսզի վերականգնի արդարությունը:
Ցեղասպանագետը նաև շեշտել է՝ Հայաստանը միշտ դիտարկել է այս հարցը որպես իր ազգային անվտանգության բարձրացման գործիք:
«Ամեն անգամ, երբ մենք բարձրացրել ենք այս թեման արտաքին դաշտում՝ մենք որոշակիորեն նվազեցրել ենք Թուրքիայի ագրեսիվ գործողությունները: Ես համոզվաոծ եմ, որ վերջին քսանամյակում՝ Թուրքիան ուղղակիորեն Արցախի կոնֆլիկտին չի միջամտել նաև այն պատճառով, որ մենք ակտիվորեն միազգային ասպարեզում քննարկում էինք Թուրքիայի մեղավորությունը Հայոց ցեղասպանության գործում», — նկատել է Սուրեն Մանուկյանը: