Ցեղասպանության ժխտումը դավաճանություն է. Շահլար Աղախանով
24 Ապրիլի 2025, 21:42
Բժիշկ, լեզգիական հասարակության ներկայացուցիչ Շահլար Աղախանովը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքների մասին: Նրա կարծիքով՝ համաշխարհային հանրությունը մինչ օրս չի գիտակցել այդ հանցագործության վտանգը։
«Արդեն 110 տարի է անցել այն օրից, երբ զոհվեց 1,5 մլն մարդ։ Եթե յուրաքանչյուր զոհի համար գրվեր մեկ գիրք, ապա այդ տարածքը կդառնար գրադարան: Սակայն համաշխարհային հանրությունը մինչ օրս չի գիտակցել ողբերգության ողջ խորությունը։ Տեղի ունեցածին պատշաճ գնահատական չի տրվել, և այդ անպատասխանատվությունը հանգեցրել է նոր աղետների։ Մենք վերջերս ականատես եղանք Արցախի ժողովրդի էթնիկ զտմանը, երբ մարդկանց ստիպեցին լքել հայրենի հողերը, որտեղ նրանք ապրել են 1000, 1500, 2000 տարի։ Նոր բնաջնջման վախի ներքո նրանք ստիպված էին փախչել։ Այդ հանցագործությունները չեն դադարի, եթե միջազգային հանրությունը դրանց իրավական գնահատական չտա», — հայտարարել է Աղախանովը։
Լեզգիական հասարակության ներկայացուցչի խոսքով՝ պատմությունն արդեն ապացուցել է, որ ագրեսորին զիջումներով խաղաղեցնելու փորձերը հանգեցնում են ավելի մեծ ողբերգությունների:
«Լեզգիները, հայերը և Կովկասի մյուս ժողովուրդները պետք է միավորվեն, հաստատակամորեն հայտարարեն՝ ոչ ցեղասպանությանը։ Պատմական փորձն ապացուցում է, որ ագրեսորի հանդարտեցումը միայն ավելի վատ հետևանքների է հանգեցնում։ Այդ իսկ պատճառով Ցեղասպանության ժխտումը դավաճանություն է նրանց կողմից, որոնք փորձում են նսեմացնել այդ փաստը։ Այդ հանցագործությունն արդեն տեղի է ունեցել, սակայն այն չի կանգնեցնի նրանց, որոնք շարունակում են մշակել էթնիկ խմբերի՝ հայերի, լեզգիների, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ոչնչացման նոր ծրագրեր»,- ընդգծել է Աղախանովը։