Ցեղասպանության մասին իր խոսքում Փաշինյանը փորձում է մեղքը վերագրել զոհին․ Սուրեն Մանուկյան

28 Հունվարի 2025, 20:00

Կարծիք

Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ։

«Ցեղասպանությունը իրողություն կամ երևույթ չէ, այն քաղաքական հանցագործություն է։ Եվ լինելով քաղաքական հանցագործություն, բնականաբար, այն նաև ստանում է, ստացել է և կշարունակի ստանալ քաղաքական գնահատական։ Քաղաքականության մեջ այս թեման միշտ ակտիվ տեղ է զբաղեցնելու։ Այդ առումով կարծում եմ, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, մենք այստեղ ունենք սպեցիֆիկ մոտեցում։ Ցյուրիխում Փաշինյանի վերջին հայտարարությունները, խոսքերը կարող էին այդքան վիճահարույց չլինել, եթե չլիներ կոնտեքստը, եթե չլինեին նախորդիվ արտահայտված իր մտքերն ու գործողությունները։ Մենք վտանգ ենք զգում և հասկանում ենք, որ մարդը կարող է մեկ անգամ սխալվել, սխալ արտահայտություն անել կամ սայթաքում ունենալ, բայց երբ դա սիստեմատիկ բնույթ է կրում, նույն թեման պարբերաբար բարձրացվում է այն էլ նույն շեշտադրումներով, հասկանում ենք՝ այստեղ կա ավելի խորը գործընթաց, որին մասին այդքան էլ լավ պատկերացում չունենք»,- նշել է Մանուկյանը։

Ցեղասպանագետն ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններում փորձում է մեղքը վերագրել զոհին։

«Ցավոք սրտի, մենք հաճախ հանդիպում ենք մանիպուլյացիաների։ Այսինքն՝ ասվում է նախադասություն, որի մեջ կա նաև ճշմարտություն։ Մի կողմից դա կարող է թվալ, որ անմեղ բնորոշում է՝ ինչու է դա եղել։ Բայց երբ համեմատում ես այն իր նախորդ արտահայտությունների հետ, որտեղ մեղքը փորձվում է վերագրել հենց զոհին, արդեն հասկանում ես՝ ինչ նկատի ուներ նա։ Եթե հիշենք՝ 2019-20 թվականների ապրիլ 24-յան իր ուղերձները, կտեսնենք, որ դրանք գտնվում են պահանջատիրության ամենաբարձր մակարդակի վրա։ Բայց երբ տեսնում ես, որ ընդամենը 4 տարի անց հռետորաբանությունը փոխվում է 180 աստիճանով, սա արդեն դժվար է ընդունել, քանի որ ասողը նույն մարդն է, ընդ որում այդ մարդը մեր երկրի արտաքին քաղաքականության հարցերը որոշողն ու իրականացնողն է»,- եզրափակել է Մանուկյանը։