Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
26 Ապրիլի 2024, 13:00
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում ամենամյա Արդարության երթն է անցկացրել։
Երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղից էլ շարժվել են դեպի Սպիտակ տուն։
Սպիտակ տան մոտ երթի մասնակիցները նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են վերջ տալ մեղսակցությանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց տներ։
Երթի մասնակիցները Ջո Բայդենին նաև կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին։
Երթին մասնակցել է նաև ԱՄՆ նախկին սենատոր, Կանզասի նախկին նահանգապետ, Միջազգային կրոնական ազատության դեսպան Սեմ Բրոունբեքը։ Իր ելույթում նա Բայդենի վարչակազմին կոչ է արել կանգնել Հայաստանի կողքին՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներխուժման սպառնալիքի։
«Մենք պետք է կանխենք Թուրքիայի կողմից Հայաստան ներխուժումը։ Սպիտակ տունը կարող է դա անել, նրանք կարող են ոտքի կանգնել և ասել, որ պաշտպանելու են Հայաստանին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կրկնվի։ Մենք նախագահ Բայդենին կոչ ենք անում կանգնել Հայաստանի կողքին, Կոնգրեսին կոչ ենք անում կանգնել Հայաստանի կողքին։ Մենք Կոնգրեսին կոչ ենք անում կանգնեցնել ԱՄՆ-ից զենքի արտահանումն Ադրբեջան»,- հայտարարել է Բրոունբեքը։
Երթի մասնակիցները պահել են «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Երևանը խաղաղություն է ուզում, իսկ Բաքուն՝ Երևանը», «Նախագահ Բայդեն, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Վերջ տվեք ցեղասպանության ցիկլին» և այլ գրություններով պաստառներ։