CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19 Ապրիլի 2024, 17:00
ԱՄՆ-ում տեղակայված Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice – CFTJ) Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությանը միանալուց հետո Միջազգային քրեական դատարան է դիմել՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանում էթնիկ հայերի նկատմամբ իրականացված շարունակվող ցեղասպանության վերաբերյալ նախաքննություն սկսելու հարցով (հայկական տարածքներ, որոնք 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի օկուպացիայի տակ են)։
Դիմումը ներառում է CFTJ-ի կողմից հավաքված և արձանագրված ապացույցների հասանելիություն, որոնք հաստատում են ցեղասպանության ենթադրյալ քաղաքականությունը, որը ծրագրվում, հրահրվում և իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այդ թվում՝ Ադրբեջանի խորհրդարանի կողմից։ Միջնորդագիրը ներառում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախագահ Ալիևի գլխավորությամբ իրականացված վայրագությունների լայն շրջանակ. առնվազն 7000 խաղաղ բնակիչների հարկադիր տեղահանում, խաղաղ բնակիչների սպանություն, առնվազն 2000 խաղաղ բնակիչների և ռազմագերիների հարկադիր անհետացում, կամայական կալանավորումներ, սեռական բռնություն, էթնիկ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական մահապատիժների առնվազն 350 փաստագրված դեպքեր։
Կազմակերպությունը խնդրում է ՄՔԴ-ին նախնական հետաքննություն անցկացնել՝ գնահատելու համար՝ արդյո՞ք ողջամիտ հիմք կա պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են հայերի դեմ ցեղասպանություն պետական քաղաքականություն ծրագրելու, հրահրելու, պատվիրելու և իրականացնելու մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ որևէ սուբյեկտ գործ է հարուցում ՄՔԴ-ում հայերի ցեղասպանության համար, և այն տեղի է ունենում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ։
«Սա զգացմունքային ծանր պահ է, քանի որ մենք երբեք չենք մտածել, որ մեր ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանությունը տեղի կունենա մեր կյանքի ընթացքում։ ՄՔԴ-ն պետք է հստակ ուղերձ հղի, որ նման հանցագործությունների համար անպատժելիություն չի լինի, և ցեղասպանության համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»,-ասել է Օրենջ Քաունթիի Գերագույն դատարանի դատավոր և CFTJ-ի խորհրդական հայազգի Գասիա Ափկարյանը։