Ճակատագիրը, որ Բաքուն գծում է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, էթնոցիդն է. Ալեքսեյ Անպիլոգով
18 Օգոստոսի 2023, 22:40
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղ-Արցախի շուրջ չլուծված հակամարտությունը բոլոր մեծ տերությունների կողմից դիտարկվում է այլ հակամարտությունների պրիզմայով։
«Ես կասեի, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեռ փորձում է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի շատ բարդ խնդիրը պահել Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում, որովհետև Անվտանգության խորհրդի անդամ մեծ տերություններն ունեն իրենց հակասությունները երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։ Դե, ինչ է, միայն ուկրաինական հակամարտությունը կամ այն հակամարտությունը, որը, ինչպես արդեն հիանալի հասկանում ենք, մոտ ապագայում սկսվելու է Թայվանի շուրջ։ Մեծ հաշվով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Ադրբեջանի, Հայաստանի և հարևան Թուրքիայի համար։
Փաստորեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար ցանկալի է, որ այս հակամարտությունը ինչ-որ կերպ լուծվի ինքն իրեն։ Այսինքն՝ ոչ ոք, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ո՛չ էլ նույնիսկ, այստեղ կասեմ խռովարար արտահայտություն՝ Ռուսաստանի Դաշնությունը, այս հակամարտությունը չի համարում էքզիստենցիալ, այսինքն՝ ազդող այս մեծերի գոյության վրա։
Այսինքն՝ պայքար կա ազդեցության գոտու համար, պայքար Ռուսաստանի Դաշնության մեկուսացման համար, քանի որ Անդրկովկասը Ամերիկայի համար շատ լուրջ ուղղություն է, որը ցանկալի է ինչ-որ կերպ փակել։ Բայց նույն ԱՄՆ-ը այժմ շատ ավելի է ներգրավված ուկրաինական հակամարտությունում, և արդյունքում, նրանք իրենց դիվանագիտական և ռազմական ջանքերի մեծ մասը տեղափոխում են այնտեղ:
Որքան էլ դա ցավալի է Հայաստանի համար, Լեռնային Ղարաբաղ-Արցախի շուրջ չլուծված հակամարտությունը բոլոր մեծ տերությունների կողմից դիտարկվում է այլ հակամարտությունների պրիզմայով:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները ընդունել են, որ Լաչինի միջանցքը փակ է, այն գոյություն ունի որպես ինչ-որ հռչակագիր եռակողմ փաստաթղթում։ Բայց, իրականում փակ է, նույնիսկ կարելի է անվանել «Լաչինի փակուղի»։ Իսկ «Լաչինի փակուղու» այս իրավիճակը, իհարկե, չափազանց անհանգստացնող է արցախցիների համար, քանի որ նրանք պատանդ են վերցվել։
Ընդ որում,բացարձակապես անզոր պատանդների դիրքում են։ Ադրբեջանական կողմի պարտավորությունները չեն կատարվել, ավելին, Բաքուն, ինչպես ասում են, ԼՂ կարգավիճակի հարցը փորձում է ճեղքել դիակով, խրտվիլակով ու օձով, որպեսզի չստանձնի որեւէ պարտավորություն։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ, որ Ադրբեջանը և պաշտոնական Բաքուն թաքցնում են շատ մութ և ագրեսիվ մտադրություններ Արցախի բնակիչների նկատմամբ։
Ճակատագիրը, որն այժմ գծում է պաշտոնական Բաքուն Արցախի բնակիչների համար, էթնոցիդն է` հայկական ինքնության, ազգային, լեզվական, կրոնական փաստացի ոչնչացում։ Սա որոշակի «զրո տարվա» ստեղծումն է, այսինքն՝ զրոյական տարվա, ըստ որի՝ նախկինում պատմություն չի եղել, հայկական ոչինչ չի եղել։ Սա, իհարկե, ամենավատ բանն է»,- նկատել է քաղաքագետը։