Ճամբարակ-Թթուջուրում բռնկված հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ

24 Նոյեմբերի 2025, 14:55

Տնտեսություն և Բիզնես

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։ Այս մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են եղել ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները։

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով շատ հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով, որոշ տեղերում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր ու քամոտ եղանակի պատճառով վերջնականապես չի հաջողվել հրդեհը մարել։

Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։