Ճանկաթաղում դպրոցականները քննություն են հանձնել կրակոցների ներքո
04 Հուլիսի 2023, 16:47
Փոքրիկ ճանկաթաղցին դպրոց է հաճախում խիզախորեն: Ամեն առավոտ ծնողները սրտատրոփ փոքրիկներին ուղարկում են դասի, առանց որևէ անվտանգային երաշխիք ունենալու: Դասարանի լուսամուտից հակառակորդն է երևում, իսկ գրատախտակի մոտ կանգնած ուսուցիչները դաս բացատրելուն զուգահեռ մշտապես զգոն են, եթե սկսեն կրակել՝ պետք է արագ կազմակերպվել ու փոքրիկներին տեղափոխել «անվտանգ» տարածք:
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի միջնակարգ դպրոցը գտնվում է թշնամու նշանառության տակ: Հեռավորությունը հակառակորդի դիրքերից մի քանի հարյուր մետր է: Մարտական դիրքերը պարզ երևում են դասասենյակների պատուհաններից։
«Հակառակորդի կրակահերթերը որոշ չափով սովորական են դարձել, դասապրոցեսը դադարեցվում է միայն դրանց ինտենսիվության դեպքում: Այս ուսումնական տարվա ռուսաց լեզվի քննությունն անցել է կրակոցների տակ»,- «Artsakhtert»-ի հետ զրույցում պատմել է դպրոցի փոխտնօրեն Վարսենիկ Առուշանյանը:
Այս տարի 12-ամյա դպրոցը շրջանավարտ չի ունեցել, 9-րդ դասարանցիներն էլ շարունակելու են ուսումը հարազատ կրթօջախում: Փոխտնօրենը մտահոգված է անվտանգային հարցերով, ասում է՝ երբ կրակը ինտենսիվանում է, երեխաներին տեղափոխում են շենքի քիչ թե շատ անվտանգ հատված, տեղյակ պահում ծնողներին և տեղափոխում։
«Կարծես շատ չէ մեր ուզածը, մեր հողում արժանավայել ապրելը, մեր փոքրիկների համար անվտանգ միջավայր ունենալը: Ուրախությաբ պետք է նշեմ, որ այս տարի աշակերտների թվի 10 -ը տոկոսանոց աճ է արձանագրվելու դպրոցում: Այսպիսի իրավիճակում սա բավականին ոգևորիչ է»,- մանրամասնել է փոխտնօրենը: